Breaking News
Loading...

Պարույր Սևակ-(ԱՊՐԵԼ)

09:41



Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ ամպետկություն քեզ համարես,
Թե ինքդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի,
քեզ չզիջի,
համբերատար քեզ հետ խոսի,
հակառակում քեզ համոզի
Ինքը… հզոր Հանրությունը…
Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես հույսի նման:
Արշալույսի նման բացվես
Նրանց համար,
Վերջալույսի նման բոցվես
Նրանց համար:
Թե լաց լինես` նրանց համար,
Թե բաց լինես` նրանց համար:
Եվ հաց լինես նրանց համար`
Հոգևոր հաց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
Ոգևորված:
Եվ նրանցով կյանքում լինես
Թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
Բույլ կամ ուժեղ,
Թշվառ ինչպես անապաստան,
Հարուստ ինչպես լայն տափաստան…
Ապրել, ապրել , այնպես ապրել,
Որ նրանց հետ մթնես-ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկ տեղ դառնաս գուդ ու կծիկ.
Մեկտեղ բացվես, մեկտեղ փակվես`
Ինչպես նամակ և կամ բացիկ…
Ապրել, ապրել, այնպես մեկտեղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ` տառապանքիդ,
Ջանքդ` ջանքիդ,
Ցանքդ` ցանքիդ,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կյանքն էլ քեզ ենթարկել,
Դառնալ և` շանթ, և` շանթարգել…
 
Toggle Footer