Breaking News
Loading...

Երբ կտրվում ես կյանքիդ «քննությունից»

22:54


Կյանքիդ ամենօրյա աղմուկից, փողոցներից, անցումներից, ժպիտներից, ճիշտ խոսքերից, ընկերներից, բարևներից, խորհուրդներից, արհամարհանքից, անմիտ խոսքերից, ֆիլմերից, ձանձրույթից, ձգտումից, պայքարից, ու էլի խոսքերից քեզ անջատում է մի բան՝ Քունը:
Հենց դու փակում ես աչքերդ, սենյակիդ ճաքճքված առաստաղի ձանձրալի պատկերին փոխարինելու է գալիս մոխրագույն անհասկանալի դատարկությունը, կամ` լիությունը. դա հարաբերական է: Աչքիդ առաջ հայտնվում են նեյտրալ, անգույն, անձև երևույթներ: Անկախ կամքիցդ փորձում ես ուսումնասիրել, գտնել նրանց սահմանները, բայց` չհաջողացնելով, հայտնվում ես պատուհանիդ առաջ`մշտական տեղում:
Էլի: Նորից: Կրկին: Դու նայում ես լուսամփոփին. դուք նման եք` բոլորը քնած են բացի ձեզանից:
Նայում ես ժամին, մոտենում է քննությանդ առավո՞տը.. էլի կբացակայես.. Իսկ դու կարդացել էիր դասը… դու արդեն մոռանում ես համալսարանիդ հասցեն, ի~նչ անմիտ քայլ է! Չնայած, քայլ էլ չէ: :)
Դու ժպտում ես մի պահ հիշելով «սովորելուդ» տարիները. Գևորգ Մարզպետունու գիրքը, օրագիրդ (ինչ-որ դերասանի անհաջող նկարով), շարադրություն, լավ գնահատական, գովեստի խոսքեր… Իսկ այսօր քեզ համար միևնույնն է:
Ժամը 8-ին միանում է զարթուցիչդ, դու էլի անշարժ ես, չես նյարդայնանում: Հետո նրան միանում են կաթ ու մածուն վաճառող տատիկներն ու բարձրակրունկ կոշիկներից երբեք չհրաժարվող հարևանուհիդ: Քեզ համար միևնույնն է: Դու լուռ ես: Սենյակում դու ես, սուրճիդ բաժակը ու Крес “Еле дыша”:
 Ձանձրանում ես: Բացում դուռդ, որ դուրս փախչես, երբ դիմացդ է հայտնվում հարևանուհիդ, որի` սենսացիոն լուր լսելու ցանկությամբ լցված աչքերից խուսափելով արագացնում ես քայլերդ… Իսկ  նա դա նկատում է… գուցե վիրավորվի ՞.. բայց դա քեզ հետաքրքրում է այնքան, որքան` այսօրվա քննությանդ արդյունքը:
Քայլում եք՝ դու ու հեռախոսիդ փլեյլիստը: Պաշտում ես Թումանյան փողոցը, չէ՞:  Զանգում են ընկերներդ, իսկ դու թույլ չես տալիս, որ որևէ մեկն ընդհատի երաժշտությունը:Չար ես, լրիվ քո հակապատկերը...
  Ձյունը սառել է, դու էլ: Բոլորն ունեն Նոր Տարվա տրամադրություն, իսկ դու ունես ցինիզմ, ականջակալներ ու էլի՝ ցինիզմ: Փողոցում երեխաները նկարվում են դեղին մորուքով Ձմեռ պապիկի հետ: Մտածում ես՝ ի՞նչ կլինի եթե մոտենաս ու պոկես Ձմեռ «ջահելի» մորուքը.. Չ՞է որ այդ Ձմեռ պապն իրականում 25 տարեկան, սոված դերասան է, ով հազիվ է  զսպել իրեն, որ չուտի նվերների պարկի կոնֆետները...  Լավ.. իսկ եթե դեմ գնաս սկզբունքներիդ ու ծխախոտ գնե՞ս... Երբեք, երևի...
Ամեն ինչ նույնն է` անցումները, մարդիկ, իրավիճակները, խրատները… Բոլորը խոսում են, փիլիսոփայում, իսկ դու չես կառավարում խոսքերդ ինչպես նախկինում: « Դուք » -ը կորցնում է վերջին տառը: « Կարելի ՞ է » -ն` հարցական նշանը: Ժպիտդ էլ` իմաստը...
«Դու միայնակ ես, չնայած որ շրջապատված ես այդթիվ մարդկանցով ու խրատներով»: Այս նախադասությանը  հաճախ ես հանդիպել երգերում ու ֆիլմերում: Իսկ հիմա  դրա գլխավոր հերոսը դու ես: Էմոցիան թողել ու գնացել է, ներվին էլ` հետը տարել: Մնացել ես դու, սենյակդ ու երեկվա սուրճի բաժակդ:
 
Toggle Footer